Կարծես՝ Վլադիմիր Պուտինը անխախտ հետևում է «Լավ է ուշ, քան երբեք» ասույթին՝ գրում է Թոմ Բետչելորը The Independent-ում: ՌԴ նախագահը հայտնի ուշացող է համաշխարհային մակարդակով՝ նա ստիպում է իրեն սպասել պետությունների ղեկավարներին. նույնիսկ արքայական ընտանիքին ու Հռոմի պապին՝ նրանք ի զորու չեն Կրեմլի տիրակալին պարտադրել հետևել արարողակարգին: Ամենից շատ նրան սպասել են Անգելա Մերկելը (4 ժամ 15 րոպե 2014-ին) ու Վիկտոր Յանուկովիչը (4 ժամ 2012-ին): Ճապոնիայի, Մոնղոլիայի, Իսրայելի ղեկավարները հարկադրված են եղել սպասել 3 ժամ:
Հռոմի պապը՝ մոտ մեկ ժամ (դա միակ դեպքն էր, երբ Պուտինի մամլո ծառայությունը հայտարարությամբ բացատրեց ուշանալու պատճառը՝ հղում անելով նախորդ հանդիպման երկար տևելու ու Հռոմի փողոցների խճողումի վրա): Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը նրան սպասել է քառորդ ժամ, Իսպանիայի ու Շվեդիայի թագավորները՝ ավելի երկար: Ինչո՞ւ է ՌԴ նախագահը այդքան վատ վերաբերվում իր հանդիպումների ժամանակացույցին աշխարհում ամենահարգված մարդկանց հետ հանդիպումների ժամանակ: Ոմանք նրա ուշացումները բացատրում են հոգեբանական խաղերով, մամլո ասուլիսներին ու հեռուստահարցազրույցներին նա սովորաբար ճիշտ ժամանակին է ներկայանում: Մյուսներն ասում են, որ Պուտինը ստիպում է իրեն սպասել՝ ցույց տալու համար միջազգային ասպարեզում իր հեղինակությունը: Նրանք, ովքեր մեծ համակրանքով են Պուտինին վերաբերվում, կարծում են, որ նա հաճախ է ուշանում, որովհետև ստուգում ու վերստուգում է փաստերը բարձրամակարդակ հանդիպումներից առաջ:
Թոմ ԲԵՏՉԵԼՈՐ, Independent
Հ.Գ. Երեք պատճառներն էլ կան, բայց կա և չորրորդը՝ Պուտինը երկրից երկիր մեկնելիս, ժամացույցը թողնում է Մոսկվայի ժամանակի վրա, իսկ ենթակաները չեն համարձակվում նրան ասել, որ իր ժամացույցը սխալ ժամանակ է ցույց տալիս:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ